«Հայաստանը միայն հանգստի վայր չէ, այլ երկիր է, որտեղ շատ գործ կայ անելու» թորոնթոհայ հայրենադարձ Արեւիկ Վարդանեան

Երիտասարդ, նոր աւիւնով, մեծ եռանդով Հայաստան տեղափոխուած թորոնթոհայ Արեւիկ Վարդանեանը տարբեր նախաձեռնութիւններու մէջ դերակատար ըլլալով՝ իր շրջապատն ու մարդոց կեանքը բարելաւելու հետաքրքրական աշխատանքներ կը տանի։

Ստորեւ Արեւիկին հետ մեր հարցազրոյցը, ուր ան կը պատմէ Հայաստան ապրելու, այստեղի կեանքի հետաքրքրական երեւոյթներու եւ իր աշխատանքին ու նախաձեռնած ծրագիրներուն մասին։

***

Սալբի Սաղտըճեան- Ինչպէ՞ս որոշեցիք գալ Հայաստան։

Արեւիկ Վարդանեան- Որոշեցի գալ Հայաստան, որ նոր կեանք, նոր ապրելակերպ ունենամ։ Ես Թորոնթոյում աշխատում էի marketing agency-ում (վաճառանշման գործակալութիւն)։ Շատ հետաքրքիր աշխատանք էր ինձ համար, որովհետեւ դու զրոյից ես սկսում ամէն ինչ, բայց մի ձայն կար մէջս, որ գործի առումով ես աւելին էի ուզում, որ լինի աւելի ստեղծագործական, կամ ինչ որ բան փոխի մարդկանց կեանքում։ Դրա համար startup-երով (սկսնակ ընկերութիւն) սկսեցի հետաքրքրուել։ Որոշեցի գալ Հայաստան, որովհետեւ այստեղ շատ հետաքրքիր startup-եր կային։ Այդ տարի յեղափոխութիւնը եղաւ, բայց իմ որոշումը դրա հետ կապ չունէր։ Մի կողմանի տոմս առի ու սկսեցի կամաց-կամաց ուսումնասիրել, թէ ինչ հնարաւորութիւններ կան Հայաստանում։ Գալուց յետոյ «Դէպի Հայք» (Birthright Armenia - Դեպի Հայք) կազմակերպութեան միջոցով սկսեցի կամաւորութիւն անել։ «Ներուժ» (Ներուժ / Neruzh) ծրագիրի շրջանակում, սփիւռքահայ startup-երի մրցոյթի ժամանակ, ծանօթացայ լիբանանահայ գործընկերոջս` Արթուր Պզտիկեանին եւ իրար հետ սկսեցինք Lemonade Fashion-ը, ու ես շարունակեցի ապրել Հայաստանում։

Սալբի- Սկիզբը փորձելու համար եկաք, յետո՞յ մնացիք։

Արեւիկ- Ես էդքան չեմ պլանաւորում (ծրագրել), impulsive (մղումով շարժող) եմ։ Եթէ ինչ որ բան եմ որոշում, շատ չեմ մտածում յետագայ քայլերի մասին։ Եթէ շատ եմ մտածում, ուրեմն մի բան էն չի։ Ասեցի, եթէ չստացուի, կարող եմ յետ գնալ։ Շատ ուրախ եմ որ ստացւում է, դեռ էստեղ եմ։ Իմ նպատակը ե՛ւ ընկերութիւնը, ե՛ւ իմ գործերս զարգացնելն է, ե՛ւ կեանքս Հայաստանում շարունակելը։ Ուզում եմ Հայաստանի տարբեր տեխնոլոգիական (արհեստագիտական) startup-երի ոլորտները զարգացնել, որովհետեւ ինձ դա շատ է հետաքրքրում։

Սալբի- Նախապէս Հայաստան եղա՞ծ էիք։

Արեւիկ- Այո, ես էստեղ եմ ծնուել, բայց փոքր տարիքից տեղափոխուել ենք Թորոնթօ։ Մենք Հայաստանում կապեր չունէինք, որ ինձ յետ կանչէր, իսկ «Դէպի Հայք»-ը շատ լաւ կազմակերպութիւն է, որ հնարաւորութիւն է տալիս սփիւռքահայերին աշխատելու Հայաստանում, կապեր ստեղծելու, մարդկանց հետ ծանօթանալու։

Սալբի- Թորոնթոյի հայ համայնքին հետ ձեր կապը ինչպէ՞ս էր։

Արեւիկ- Դպրոցական ժամանակ Թորոնթոյում պատանեկան (ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութիւններ - ARF Junior Organization of Canada) էի գնում, մինչեւ 11-րդ դասարան պարի եմ գնացել, որ շատ էի սիրում։ Բայց հայկական դպրոց չեմ յաճախել, աւարտել եմ Mary Ward (կաթողիկէ երկրորդական) վարժարանը, այնուհետեւ տեղափոխուեցի Մոնթրէալ՝ ուսանելու McGill համալսարանում։ Սկսեցի համալսարանի հայկական ուսանողական միութեան (McGill Armenian Students' Association) մէջ աշխատել։ Համալսարանի չորրորդ տարին արդէն միութեան նախագահն էի։ Ինձ համար շատ կարեւոր էր եւ հետաքրքիր տարբեր երկրներից եկած հայ ուսանողների հետ շփուելը, ծանօթանալը, իմանալ հայկական կապի նշանակութիւնը իրանց տեսակիւնից եւ թէ ոնց են դա ներկայացնում։

Սալբի- Ի՞նչ է ձեր մասնագիտութիւնը։

Արեւիկ- McGill համալսարանում սովորել եմ International Development (Միջազգային զարգացում)։ Այդ մասնագիտութիւնը ինձ շատ օգնեց, որ հասկանամ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ աշխարհը։ Այդ մասնագիտութիւնը որոշել էի սովորել, որովհետեւ ուզում էի իմ ոլորտի մէջ ինչ որ բան փոխել, ոչ թէ աշխարհը փոխել, այլ՝ ինչ որ մաս։ Սակայն այդ ոլորտում մի քանի գործեր անելուց յետոյ, հասկացայ, որ շատ դանդաղ ոլորտ է ինձ համար։ Ես ուզում էի աւելի աշխուժ, արագ ինչ որ բան։ Դրա համար տեղափոխուեցի branding-ի ոլորտ, որտեղ ամէն ինչ շատ արագ է արւում եւ դա իմ դուրը շատ էր գալիս։

Սալբի- Դուք Lemonade Fashion ընկերութեան աշխատակազմի ղեկավարն էք եւ «Լայն»-ի (Line: Armenian Architecture Biennial) համահիմնադիրն ու ծրագրի ղեկավարը։ Կը խօսի՞ք այս երկու ծրագիրներուն մասին։

Արեւիկ- Ինչպէս վերեւը նշեցի իմ լիբանանահայ գործընկերոջ հետ սկսել ենք Lemonade Fashion-ը որպէս առեւտրի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր designer-ներ (ձեւաւորողներ) կարող են ծախել իրենց ապրանքները։ Սկիզբը մենք աջակցում եւ զարգացնում էինք փոքր brand-ների (ապրանքանիշ) վաճառքը։ Մեր ընկերութիւնը միշտ fashion-ի եւ tech-ի հիմքն է ունեցել։ Որոշ ժամանակ անց որոշեցինք բացել մեր առցանց շուկան, որտեղ աւելի շատ ինքնուրոյն ձեւաւորողները, փոքր brand-ները, ովքեր տարբեր ձեւի արտադրանքներ ունեն, բայց հնարաւորութիւն չունեն ծախելու կայքում (փոքր ընկերութեան համար կայք ունենալը, վճարման հնարաւորութիւն ունենալը շատ սահմանափակ է, կամ ծախսալից է), հնարաւորութիւն ունենան անվճար իրենց արտադրանքը դնել մեր յաւելուածում եւ երբ վաճառքը լինի, մենք տոկոս վերցնենք։

Այսպիսով՝ ընդլայնեցինք մեր ընկերութիւնը Ամերիկայում, Պէյրութում եւ անցած տարի Ապու Տապիում։ Արդէն վեց տարի է զարգացնում ենք յաւելուածը, որը TikTok-ն եւ Amazon-ը իրար հետ են։ Հիմա ունենք մօտ ութ հարիւր վաճառող եւ համարեա երեսուն հազարի մօտ արտադրանք աշխարհի ամէն տեղից։ Սկսել ենք fashion-ից, հիմա նաեւ՝ երեխեքի շորեր, տան ապրանքներ, մարզական, կենդանիների ապրանքներ, որոնք շատ մեծ շուկայ ունեն եւ շատ-շատ այլ բաժիններ։

2022-ի սկիզբը մենք դարձանք աշխարհում 3-րդ ընկերութիւնը, որը swiper է ստեղծել, օրինակ երբ Instagram կամ TikTok ես մտնում, սահեցնում ես էջը, նոյն ձեւի մենք մերը ստեղծեցինք։ Երբ էդ էլ պատրաստ էր, հասկացանք որ ինչ որ մի բան էլի կայ անելու եւ պէտք է հասկանայինք, թէ ինչ էր պակասում ընկերային ցանցերի եւ արեւտրի միջեւ։ Հիմա երբ մարդիկ ուզում են ինչ որ բան գնել, միշտ նայում են ուրիշների խնդիրները, խորհուրդները, կարծիքները։ Հասկացանք, որ մենք այդ բացը կարող ենք փակել, այդ կամուրջը լինել։

Այսպիսով զարգացնում ենք բոլոր ոլորտները, ինչպէս Amazon-ը։ Տարբերութիւնը այն է, որ ով ուզում է կարող է տարբեր արտադրանքների content (բովանդակութիւն) ներկայացնի՝ ինչպէս TikTok-ում, Instagram-ում, եւ իրանք կարող են այդ արտադրանքները tag (պիտակաւորել) անել, եւ ով որ նայում է այդ տեսանիւթերը, կարող է առնել։ Այսպիսով՝ ե՛ւ իրենք են տոկոս ստանում, ե՛ւ արտադրողը, ե՛ւ մենք։ Այս մէկը փոխում է այն, թէ ոնց են մարդիկ ապրանքներ գնում։ Սա նաեւ վաճառող ընկերութեան համար էլ մեծ առաւելութիւն է, որովհետեւ պէտք չունեն մտածելու, թէ ում փող տան, որ իրանց համար content սարքի, որովհետեւ այդ ամէն ինչը բնականաբար է լինում։ Դա կոչւում է Creator Economy (ստեղծագործող տնտեսութիւն), որը մենք զարգացնում ենք։ Շուտով կ’ունենանք նաեւ մեր բարեփոխուած նոր յաւելուածը։

Գալով «Լայն»-ին, նախաձեռնութիւնը սկսել ենք երեք գործընկերներով՝ ես, ճարտարապետ Շանթ Շառոյեանը, Ռուսաստանից մէկ այլ ոչ հայ գործընկեր։ Որոշեցինք «Լայն»-ը ստեղծել, որ Հայաստանը դնենք ճարտարապետական քարտէսի վրայ եւ փոխենք ճարտարապետական մտածելակերպը Հայաստանում։ Ուզում ենք մարդիկ հանրային տարածքը նոր աչքերով տեսնեն։ Դեռ մարդկանց մէջ կայ այն մտածելակերպը, որ հանրային տարածքը կարեւոր չէ, իրենցը չէ, էնտեղ կարող են աղբ նետել, ինչ ուզում են՝ կառուցեն։ Իմ կարծիքով դա գալիս է ճարտարապետական հանրային տարածքների գնահատումից, կամ քիչ գնահատումից, կամ հանրային տարածքները չյարգելուց։ Այդ մօտեցոււմը ուզում ենք փոխել։ Երեւանը եւ Հայաստանի այլ քաղաքներ շատ գեղեցիկ են, ունեն շատ հետաքրքիր ճարտարապետական հիմքեր, բայց հիմա ճարտարապետական կանոնների զարգացումը պէտք է գրանցել։ Որովհետեւ աւելի շատ տեսնում ենք երկար շէնքեր, հին շէնքերը փլուզւում են, որոնք կարելի է պահպանել։ Ուզում ենք հայ արուեստագէտների եւ ճարտարապետների համար մի հարթակ լինի Հայաստանում, որ իրանք իրանց հանրային արուեստը ցոյց տան՝ հենց իրենց երկրում։

Նախաձեռնութիւնը շրջիկ է լինելու՝ երկու տարին մէկ տարբեր քաղաքում։ 2025-ին լինելու է Երեւանում, որի թեման կոչւում է «Օդերում»։ Որովհետեւ հիմա Երեւանի կամ Հայաստանի ճարտարապետական զարգացումը դա օդերում է, դա անհասկանալի է, դա շատ թեթեւ է, նաեւ օդերում, որովհետեւ մենք խնդիրներ ունենք մեր քաղաքում օդի որակի հետ կապուած՝ փոշի, աղտոտուածութիւն, որոնց մասին չենք խօսում, կամ խօսում ենք, բայց ոչ մի բան չի փոխւում, նաեւ օդերում, ուր romance (երազկոտութիւն) կայ։

Հիմա համագործակցում ենք երկու հովանաւորների հետ՝ Հայ բարեգործական ընդհանուր միութիեան (ՀԲԸՄ) Artbox-ի եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական համայնքներու բաժանմունքի հետ ու էլի փնտռում ենք նոր հովանաւորներ, որովհետեւ սա աւելի շատ բարեգործական փառատօն է։ Նպատակ ունենք միւս տարիներին էլ կազմակերպել Սիւնիքում, Վանաձորում, Մեղրիում եւ այն քաղաքներում, որտեղ հանրային տարածքը մարդիկ կամ չեն տեսել, կամ չեն պատկերացնում նոր շունչով, նաեւ որպէսզի հասարակութիւնը իրա քաղաքը տեսնի, սիրի եւ գնահատի, իսկ յետոյ որոշի զարգացնել, որ մարդոց էլ հաճելի լինի։

Սալբի- Հայաստանը ի՞նչ կու տայ Արեւիկին։

Արեւիկ- Ինձ համար՝ սէր, խաղաղութիւն, յոյս, որովհետեւ այստեղի ապրելակերպը ուրիշ է։ Երեւանում ամէն օր ուրիշ է, գիտես, որ էս գործը պիտի անես, էս հանդիպումներին պէտք է գնաս, բայց դուրս ես գալիս, չգիտես էդ օրը քեզ ինչ է սպասւում, ու էդ իմ դուրը շատ է գալիս։ Այստեղ էլ իրա բարդութիւնները ունի, ամէն տեղ էլ լաւն ու վատը կայ, բայց ինձ համար այն հնարաւորութիւնը որ ես իմ երկրում եմ աշխատում, իմ մարդկանց հետ եմ շփւում, դա իմ համար յոյս է, ինձ ուժ է տալիս, որ կարող եմ ինչի ուզենամ, հասնեմ։ Ուրիշ ձեւի հանգստութիւն կայ այստեղ։ Հակառան այն ինչ կատարւում է, բայց մարդոց մէջ էլի բարութիւն կայ, մարդկային շփումը դեռ չի կորել։ Ահագին բան պէտք է փոխենք, կամ հիմքով զարգացնենք, բայց սիրում եմ էստեղ։

Սալբի- Ի՞նչ թերութիւններ կան հոս, որ կ’ուզէիր շտկուին։

Արեւիկ- Ահագին բան անկազմակերպ է, բայց երբ նայում ենք պատմութեան, հասկանում ենք դա։ Այնպէս չի, որ երկիրը երկիր չի։ Նոր երկիր է, մարդիկ դեռ սովորում են ոնց պէտք է կառավարել, ինչ կանոններ են պէտք։ Երբ մենք ուղեղների հոսք ունենցանք 90-ական թուականներին, բոլոր խելացի մարդիկ գնացինք։ Մենք հիմա էդ խելացի մարդիկ պէտք է լինենք ու հասկանանք, թէ ինչ ձեւի երկիր ենք ուզում, ինչ ձեւի տեղ ենք ուզում ապրել, ինչ կարող ենք անել մեր ամէնօրեայ կեանքում, որ ե՛ւ մեզ համար լաւ լինի, ե՛ւ մեր շրջապատի համար։

Սալբի- Ի՞նչ խորհուրդ կու տաք երիտասարդ սփիւռքահայերուն՝ Հայաստան գալու, կամ Հայաստանի հետ կապ պահելու համար։

Արեւիկ- Իմ խորհուրդը աւելի շատ մտածելակերպի հետ է կապուած։ Որպէս սփիւռքահայ մենք ունենք privilege (առանձնաշնորհում), որովհետեւ կարող ենք տարբեր risk-երի (վտանգ) գնալ։ Երբ ինչ որ բան դու ես ստեղծում, ամէն ձեւով դա ռիսկ է եւ պէտք է պատրաստ լինես այդ վտանգին, որովհետեւ չգտես վաղը ինչ է լինելու։ Երբ մտածում ես կարող ես էլի յետ գնալ եւ դրա կարելիութիւնը ունես, դա պէտք է քեզ ոգեշնչի քայլ առնելու։ Երբ ես խօսում եմ ուրիշ սփիւռքահայերի հետ Գանատայից, Ամերիկայից, կամ Եւրոպայից, իրանք Հայաստանը տեսնում են որպէս փոքր հանգստի վայր։ Բայց սա երկիր է, լիքը գործ կայ անելու այստեղ։ Խորհուրդս այն է, որ իրանք իրանց վստահեն, պատրաստ լինեն այդ քայլը անելու, եթէ իրօք ուզում են նոր կեանք, նոր ապրելակերպ։ Փորձէք, որովհետեւ եթէ չփորձէք, չէք կարող տեսնել ինչ հնարաւորութիւններ կան, ինչ կարելի է անել այստեղ, եւ եթէ չգաք, չտեսնէք, չէք իմանայ։ ֎

***

Այս զրոյցը լոյս տեսած է «Թորոնթոհայ»-ի յունուար 2025 թիւին մէջ:

Սալբի Սաղտըճեան

Ծնած է Սուրիա, Քեսապ, այժմ կը բնակի Հայաստան։ Մասնագիտութեամբ պատմաբան է։ Թղթակցած է «Ազդակ»-ին, «Գանձասար»-ին, աշխատած «Թերթ» եւ «Եռագոյն» կայքերուն մէջ։ 2017-էն ի վեր մաս մը կազմէ «Թորոնթոհայ» թերթի խմբագրական կազմին։ Գրութիւնները նուիրուած են հայաստանեան իրականութեան եւ առաւելաբար Արցախին եւ արցախահայութեան խնդիրներուն։

Previous
Previous

Հայ որբերու բարօրութեան hամար՝ SOAR Toronto-ի սրտաբուխ նախաձեռնութիւնը

Next
Next

Նշուեցաւ հայ համայնքի հարուստ մշակութային եւ պատմական ազդեցութիւնը Պրենթֆըրտի վրայ