Զրոյց՝ ՀՕՄ-ի «Զոհուած հերոսների զաւակներ» եւ «Ուսանող» ծրագիրներու պատասխանատու Անահիտ Մեսրոպեանի հետ

«Ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար» նշանաբանով առաջնորդուող Armenian Relief Society - Հայ Օգնութեան Միութիւն/եան առաքելութիւնը մեծ թափով կը շարուանակուի՝ հայրենիքի եւ աշխարհասփիւռ հայ ժողոովուրդի կարիքները ապահովելու եւ անոնց անսպիացած վէրքերուն դեղ ու դարման դառնալու ի խնդիր։ Այս առաքելութեան վառ օրինակներէն մէկը կը հանդիսանայ Հայաստանի մէջ հիմնուած «Որբախնամ» ծրագիրը, որ 2020 թուականին՝ Արցախեան դաժան պատերազմէն ետք կը ստանայ «Զոհուած հերոսներու զաւակներ» (ԶՀԶ) եւ «Ուսանող» ծրագիրներ անուանումները:

Վերոնշեալ ծրագրերուն մասին մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար զրուցեցինք Հայաստանէն Թորոնթօ ժամանած, սոյն ծրագրերու պատասխանատու Անահիտ Մեսրոպեանին հետ։

***

Տիրուկ Մարգարեան Կարապետեան- Բարե՛ւ եւ բարի եկած էք Թորոնթօ։ Պատմական ակնարկով մը կրնա՞ք մեր ընթերցողներուն ներկայացնել նախկին «Որբախնամ» ծրագրին եւ ներկայիս՝ «Զոհուած հերոսների զաւակներ» ծրագրին մասին։

Անահիտ Մեսրոպեան- Բարեւ ձեզ, շատ ուրախ եմ, որ կրկին գտնւում եմ Գանատայում՝ հարազատ դարձած մարդկանց շրջապատում, որոնք միշտ ջերմօրէն են ինձ ընդունում։

1992 թուականին ՀՕՄ-ի կեդրոնական վարչութիւնը որոշեց Հայաստանում բացել «Որբախնամ» ծրագիր, որի մէջ ընդգրկուելու էին 1988 թուականի չարաբաստիկ երկրաշարժից տուժած երկկողմանի ծնողազուրկ երեխաները եւ 1990-ական թուականներին սկսած Ղարաբաղեան պատերազմի հետեւանքով զոհուած ազատամարտիկների երեխաներին հովանաւորելու ծրագիրը։

Այդ ժամանակ Հայաստանի ՀՕՄ-ի բոլոր մասնաճիւղները սկսեցին հաւաքել իրենց շրջանների երկկողմանի ծնողազուրկ եւ զոհուած ազատամարտիկների երեխաների բոլոր փաստաթղթերը, որոնք մինչ օրս փոխանցւում ըն մեզ, մենք էլ իւրաքանչիւր երեխայի համար թղթածրարներ ենք կազմում եւ ուղարկում ենք Կեդրոնական վարչութեան գրասենեակ, կամ էլ մենք ենք անմիջապէս փոխանցում տարբեր շրջաններ, որտեղից էլ երեխաները հովանաւորւում են։

ՏՄ- Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններու տակ փոխուեցան ծրագրի անուանումն ու անոր գործընթացը։

ԱՄ- «Որբախնամ» ծրագիրը անուանափոխուեց չարաբաստիկ 2020 թուականի պատերազմից յետոյ եւ դարձաւ «Զոհուած հերոսների զաւակներ (ԶՀԶ)» ծրագիր, փոխուեց նաեւ երեխաների վճարման չափը, առաջ տարեկան հովանաւորները վճարում էին 200 ամերիկեան տոլար, իսկ երեխան ստանում էր տարեկան 170 ամերիկեան տոլար, այժմ հովանաւորը վճարում է 330 ամերիկեան տոլար, իսկ երեխան ստնում է տարեկան 300 ամերիկեան տոլար՝ 30 ամերիկեան տոլարը Կեդրոնական վարչութիւնը օգտագործում է այս ծրագրերի զանազան ծախսերի համար։ Բոլորին յայտնի է, որ Հայաստանում կեանքը շատ թանկացել է եւ դրա հետեւանքով գումարը աւելացրել ենք։

ՏՄ- Քանի՞ երեխաներ ընդգրկուած են այս ծրագրին մէջ, տակաւին քանի՞ երեխաներ չեն հովանաւորուած, իսկ Գանատայի ՀՕՄ-ը քանի երեխաներ հովանաւորած է։

ԱՄ- 1992 թուականէն մինչեւ 2024, երեխաների ընդհանուր թիւը կազմում է 10 507, որոնցից այսօր հովանաւորուել են ընդհամէնը 8 951 երեխայ։ Երկրից հեռացող երեխաները չեն հովանաւորւում, ունենք 426 երեխաներ, որոնք հեռացել են երկրից։ Մնացել է չհովանաւորուած 1 130 երեխայ, որոնք յոյսով եմ` շուտով կը հովանաւորուեն։

Գանատայի ՀՕՄ-ը ամենաշատ հովանաւորուած երեխաները ունի, յատկապէս անոնց թիւը աւելացաւ ՀՕՄ-ի վերջին նաւապտոյտի ժամանակ, երբ ընկերուհի Արմինէ Կարապետեանը, որը Կեդրոնական վարչութեան անդամ եւ Գանատայի ՀՕՄ-ի ներկայացուցիչն է՝ ՀՕՄ-ի կեդրոնական վարչութեան զեկոյցը ներկայացնելուց յետոյ, տէր եւ տիկին Կարօ եւ Անի Տոնոյեանները հովանաւորեցին 50 նոր երեխայ։ Այստեղ պէտք է նշեմ նաեւ, որ գովելի է Մոնթրէալի Սուրբ Յակոբ վարժարանի աշակերտների կողմից արուած քայլը, որոնք 5 400 Գանատական տոլար վերջերս նուիրեցին «ԶՀԶ» ծրագրին։

Ինչպես վէրը նշեցի, Գանատայի ՀՕՄ-ը ամենաօրինակելի շրջաններից մէկն է, որը 1992-ից մինչեւ այսօր ունեցել է 2 267 երեխայ, որից հովանաւորուել են 2 093, երկիրը լքել են 44 երեխայ եւ այս տարի փոխանցել ենք 130 նոր երեխայի թղթածրարներ, որը յոյսով եմ՝ շուտով կը հովանաւորուեն։

Այս ծրագրի շարունակութիւնը եղող եւ 2009 թուականին ստեղծուած «Ուսանող» ծրագիրի համաձայն՝ 18 տարին լրացած երեխան «ԶՀԶ» ծրագրից անցնում է «Ուսանող» ծրագիր՝ եթէ որեւէ տեղ է սովորում։

ՏՄ- ԻնչպԷ՞ս կարելի է հովանաւոր դառնալ եւ կամ նպաստել այս ծրագրին։

ԱՄ- Իւրաքանչիւր մարդ կարող է լինել հովանաւոր՝ դիմելով տեղական ՀՕՄ-ի մասնաճիւղի վարչութեան, կամ Շրջանային վարչութեան, կամ էլ Գանատայի ՀՕՄ-ին՝ Մոնթրէալի պարագայում՝ ընկ․ Աննա Պուլկարեանին, իսկ Թորոնթոյի՝ ընկ․ Սեդա Թաշճեանին։ Անոնք այս ծրագրի ընդհանուր պատասխանատուներն են ու տարիներէ ի վեր շատ մեծ գործ են արել, եւ անում են, այս երկու ծրագրերը իրականացնելու համար. հովանաւոր դառնալ կամեցողները կարող են անմիջապէս նրանց դիմել, ապա՝ մենք տեղւոյն վրայ անոնց ուղարկում ենք երեխային ընդհանուր ֆայլը եւ տուեալները։

Հովանաւոր դառնալու գումարը՝ ուսանող երեխայի պարագայում տարեկան 320 ամերիկեան տոլար է, իսկ անչափահաս որբի պարագայում կազմում է տարեկան՝ 330 ամերկեան տոլար, որը կարող էք ուղարկել ars-canada@bellnet.ca հասցէին, իսկ վերոյիշեալ տեղեկութիւններն ու հովանաւոր դառնալու մանրամասնութիւնները կարող էք իմանալ այցելելով մեր կայքէջը՝ ars-canada.ca/donations եւ քայլերին հետեւելով հովանաւոր դառնալ ու կատարել վճարումը։

ՏՄ- Ինչպէ՞ս կը փոխանցուի գումարը։ Այս ծրագրի իրագործման ընթացքին հովանաւորն ու երեխան իրարու հետ կապեր կը հաստատե՞ն, ինչպէ՞ս։

ԱՄ- Մենք գումարը ստանում ենք պանքից, որը ուղարկւում է Կեդրոնական վարչութեան կողմից։ Երբ մենք գումարը բաժանում ենք, ապա՝ խնդրում ենք, որ երեխան իր հետ բերի հովանաւորին գրուած նամակը եւ նկարը, որն էլ մենք ուղարկում ենք տուեալ շրջանին (հովանաւորի տուեալները մենք չենք փոխանցում, իսկ եթէ հովանաւորը ուզում է կապուել, ապա ինք մեր միջոցով կապ է հաստատում երեխայի հետ)։ Ունենք հովանաւորներ, որոնք արդէն մեծ երեխաներ ունեն, սակայն մինչ օրս միեւնոյն հովանաւորները օգնում են իրենց երեխաներին։ Ունենք նաեւ հովանաւորներ, որոնք կնքել են իրենց երեխաներին եւ նորից մինչեւ հիմա կապի մէջ են իրենց հետ։

ՏՄ- Ներկայիս ո՞ւր կը գտնուին Արցախի մէջ զոհուած ազատամարտիկներու երեխաները եւ ուրկէ՞ գումար կը ստանան անոնք։

ԱՄ- Ինչպէս գիտէք, 2023 թուականի սեպտեմբերից ամբողջ Արցախի ժողովուրդը տեղահանուեց եւ հաստատուեց Հայաստանում, այստեղ պետք է նշեմ, որ Հայաստանի ՀՕՄ-ը ամէն հարցում մեծ օգնութիւն ցուցաբերեց արցախցիներին՝ շնոհրիւ Կեդրոնական վարչութեան եւ նուիրատուների միջոցով:

Ինչպէս Հայաստանի զոհուած ազատամարտիկների երեխաները, այնպէս էլ Արցախի երեխաները, գումարը ստանում են Հայաստանի ՀՕՄ-ի շրջանային վարչութեան գրասենեակից, որը գտնւում է՝ Երեւան, Չարենց 20 հասցէում, իսկ հեռու գտնուող շրջանները մենք ենք տանում գումարը։

ՏՄ- Դուք՝ որպէս «ԶՀԶ» եւ «Ուսանող» ծրագրերու պատասխանատու, Ի՞նչ փափաք կամ սրտի խօսք ունիք մեր ընթերցողներուն փոխանցելու։

ԱՄ- Ցանկութիւնս միայն մէկն է, որ Հայաստանում տիրի խաղաղութիւն եւ այլեւս ոչ մի երեխայ առանց ծնողի չմեծանայ, ու ո՛չ մի երեխայ էլ, այս ծրագրի մէջ, առանց հովանաւորի չմնայ։ Ներկայիս 1 130 երեխայ սպասում է հովանաւորի, շատ դժուար է երբ հարեւանիդ երեխան հովանաւորւում է, իսկ քոնը՝ ոչ:

Բոլոր երեխաների կողմից, եւ անձամբ իմ կողմից, ուզում եմ խորին շնորհակալութիւն յայտնել բոլոր հովանաւորներին, անկախ թէ քանի տարի են անոնք հովանաւորել, բոլորն էլ արժանի են յարգանքի։ ֎

Տիրուկ Մարգարեան Կարապետեան

Արձակագիր, բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ. ծնած է Սուրիոյ Գամիշլի քաղաքը։ Հայերէն լեզու եւ գրականութիւն դասաւանդած է զանազան քաղաքներու մէջ ու հրատարակած զանազան գործեր, ներառեալ «Բուրաստան» (2018) մանկական բանաստեղծութիւններու հատորը։ Ներկայիս Թորոնթօ կ՚ապրի, ուր «Թորոնթոհայ» թերթի օգնական խմբագիրն է:

Previous
Previous

Գիրքի ակնարկ. Դալար Շահինեանի «Անպետական. հայերէն լեզուի քաղաքականութիւնը` աքսորի մէջ»

Next
Next

Armenian beauty culture examined: Confronting the prevalence of plastic surgery in the homeland and diaspora