«ՏՏ ոլորտը սփիւռք-Հայասատան համագործակցութեան լաւագոյն օրինակներից մէկն է»․ զրոյց՝ թորոնթոհայ հայրենադարձ Նժդեհ Ծատուրեանի հետ

Թորոնթոհայ երիտասարդ Նժդեհ Ծատուրեանը (Njdeh Satourian) քանի մը տարի առաջ հաստատուած է Հայաստան։ Ան տեղեկատուական արհեստագիտութիւններու (IT-ՏՏ) մասնագէտ է:

Նժդեհը ծնած է Պարսկաստանի Ռաշթ քաղաքը։ 1999 թուականին ծնողներուն հետ տեղափոխուած է Թորոնթօ։ Եղած է Թորոնթոհայ ակումբի երիտասարդական միութեան աշխոյժ անդամներէն մէկը եւ վարած է փոխատենապետի պաշտօնը։

Ան «Թորոնթոհայ»-ին հետ զրոյցի ընթացքին կը ներկայացնէ Հայաստանի մէջ ՏՏ ոլորտի յառաջընթացը, Հայաստան ապրելու իր փորձը եւ իր խորհուրդներով կը քաջալերէ սփիւռքահայ երիտասարդները գալու Հայաստան եւ ներդրում ունենալու պետութեան զարգացմանը։

***

Սալբի Սաղտըճեան- Ե՞րբ եւ ինչպէ՞ս որոշեցիք տեղափոխուիլ Հայաստան։

Նժդեհ Ծատուրեան- 2019 նոյեմբերին տեղափոխուեցի Հայաստան։ Սկզբում «Դէպի Հայք»-ին (Birthright Armenia) էի դիմել եւ պէտք էր 2019-ի մայիսին գայի, բայց այդ ժամանակ Գանատայում մի նախագիծ էի ղեկավարում, որի պատճառով անընդհատ յետաձգւում էր գալս։ Վերջում եկայ եւ հեռահար սկսեցի աշխատել, բայց Birthright-ին չմիացայ, որովհետեւ արդէն Հայաստանում էի եւ իմ գործով էի զբաղւում։

Իսկ թէ ինչո՛ւ որոշեցի գալ․ դրանից մի քանի տարի առաջ սկսել էի աւելի մօտիկից հետեւել, թէ Հայաստանում ինչ է տեղի ունենում յատկապէս իմ մասնագիտական՝ ՏՏ (տեղեկատուական տեխնոլոգիաներ- IT sector-Թ․) ոլորտում։ Ներկայ զարգացումների ամենավաղ շրջանն էր։ Առաջին ամենամեծ վենչուրային ներդրումներից էր ստացել մի հայկական startup, որ կոչւում էր Teamable։ Կապուեցի ՏՏ ոլորտից մի քանի հոգու հետ, որոնց հետ սկսեցի յաճախ խօսել եւ հասկացայ, որ բաւականին հետաքրքիր բաներ են տեղի ունենում ու ես ցանկանում էի դրանց մաս կազմել։ Որոշեցի սկզբնական շրջանին Դեպի Հայք-ով գալ, բայց մտքումս երկարաժամկէտ մնալու ծրագիր կար։ Birthright-ը չստացուեց, բայց մնալը ստացուեց։



ՍՍ- Որպէս ՏՏ ոլորտի մանագէտ եւ ուսումնասիրող, ինչպէ՞ս կը գտնահատէք տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտը Հայաստանի մէջ։ Յաճախ կը լսենք, որ ամենէն զարգացող մարզերէն մէկն է ան։

ՆԾ- Հայաստանի ՏՏ ոլորտը բաւականին զարգացած է, համեմատած միւս ոլորտների հետ, բայց այս ոլորտը տարածաշրջանի հետ համեմատելը մի քիչ սխալ է, որովհետեւ շուկան գլոբալ (համաշխարհային-Թ․) է։ Ոչ ոք իր շուկայում միայն չի աշխատում, բոլոր ընկերութիւնները համաշխարհային շուկայում են մրցակցում։ Բայց երբ համեմատում ես մեր տարածաշրջանի երկրների հետ, բաւականին զարգացած ենք ու առաջատար։ Ամենակարեւոր բանը որ տեղի է ունենում Հայաստանում այն է, որ միայն outsourcing-ով, այսինքն` ծառայութիւններ մատուցելով չենք զբաղւում։ Կան հայկական ընկերութիւններ, որոնք բաւականին մրցունակ product-ներ (արտադրանք-Թ․) են ստեղծում եւ համաշխարհային մակարդակով առաջատար են, օրինակ Picsart-ը, Krisp-ը, SuperAnnotate-ը։ Այդպիսի startup-երու թիւը 30-ից աւել է: Սա բաւականին տպաւորիչ թիւ է։

Տասը տարի առաջ հիմնականում outsourcing ընկերութիւններն էին, կամ ընկերութիւններ, որոնք դրսի ինչ որ ընկերութեան մասնաճիւղն էին։ Օրինակ՝ ամերիկեան Synopsys-ը Հայաստանում բաւականին մեծ team (աշխատակազմ-Թ․) ունի ինչը շատ մեծ բան է Հայաստանի համար։ Ապագայում ինձ թւում է, միանշանակ, այդ հնարաւորութիւնը կայ, որ թիւը աճի, որովհետեւ Հայաստանում կան արդեն 5-6 վենչուրային ֆոնդեր, որոնք մի քանի միլիոն տորալարոց կապիտալ (դրամագլուխը-Թ․) ունեն։ Այդ կապիտալը կը նպաստի, որ նոր ընկերութիւններ հիմնադրուեն։ Նաեւ այն startup-երը, որոնք արդեն ունեն մի քանի հարիւր հոգանոց թիմեր, այդ startup-երից աշխատողներ կամաց-կամաց կը սկսեն դուրս գալ եւ իրենց startup-երը հիմնադրել, ինչը շատ բնական բան է աւելի մեծ էկոհամակարգերում։ Օրինակ՝ Սիլիկոնեան հովտում այդ երեւոյթը նկատելի է. ամենայաջող հիիմնադիրները հաճախ նրանք են, ովքեր աշխատել են տարբեր startup-ներում, յետոյ մի պահից դուրս եկել եւ հիմնադրել իրենց ընկերութիւնը։ Հայկական startup-երը հասնուն են այն չափերի՝ անձնակազմի իմաստով, որ մի աշխատողների մի մասը կը սկսի դուրս գալ եւ հիմնադրել իր startup-ը։

Մի շատ կարեւոր բան էլ, որ կը նպաստի այս ոլորտի զարգացմանը այդ է, որ startup-երը exit լինեն։ Exit-ը այն է, որ այդ ընկերութիւը վաճառւում են մէկ այլ ընկերութեան կամ ալ public (հանրային-Թ․) է դառնում, այսինքն՝ իրանց բաժնետոմսերը սկսում են վաճառուել stock market-ում (սակարան-Թ․)։ Դա հնրաւորութիւն է տալիս, որ այդ ընկերութեան աշխատողները բաժնետոմսեր ունենան նոյն ընկերութեան մէջ, եւ այդ գումարը յաճախ օգտագործւում է նոր ընկերութիւններ հիմնադրելուն, որը բնական եւ նկատելի երևոյթ է այլ էկոհամակերգերում։

ՍՍ- Իսկ պետութիւնը որքանով կը նպաստէ այս մարզի զարգացմանը։

ՆԾ- Ես ճիշդ մարդը չեմ, որ կարենամ պատասխանել այս հարցին, բայց վերջերս ամենաողջունելի քայլը արհեստական բանականութեան գերհամակարգիչ առնելու ծրագիրի մասին յայտարարութիւնն էր։ Այս տարուան պիտճէէն գումար է յատկացուելու դրան։ Դա բաւականին մեծ եւ շատ կարեւոր քայլ է համակարգը զարգացնելու համար, որոհվետեւ տեսնում ենք, որ արհեստական բանականութիւնը ոլորտի ամենակարեւոր մասերից մէկն է, բայց արհեստական բանականութեան լուրջ նախագծերով զբաղուելու համար բաւականին ուժեղ համակարգիչներ են պէտք, որոնք այս պահին Հայաստանում գոյութիւն չունեն։ Դրանք պէտք է ձեռք բերուեն։

ՍՍ- Հայաստանի մէջ ի՞նչ գործով կը զբաղիք։

ՆԾ- Ներկայիս հեռահար աշխատում եմ արհեստական բանականութեամբ զբաղող ամերիկեան ընկերութեան մը մէջ, որ կոչւում է Avaamo, որ գտնւում է Քալիֆորնիայում։ Սրանից առաջ նոյնպէս զբաղւել եմ հեռահար աշխատանքներով, նաեւ աշխատել եմ EVN Report-ում՝ որպeս տեխնոլոգիաների բաժնի խմբագիրը, ու նաեւ մի ՏՏ ընկերութիւնում։

ՍՍ- Որպէս երիտասարդ մասնագէտ, ինչո՞ւ կը նախընտրէք Հայաստան մնալ։ Արդեօք Հայաստանը կը սահմանափակէ՞ ձեր մասնագիտական յառաջընթացը, թէ ոչ։

ՆԾ- Այդ առումով ես շատ մեծ առաւելութիւններ ունեմ, որովհետեւ ՏՏ ոլորտում եմ աշխատում։ Հայաստանում ՏՏ ոլորտում կարելի է քո կարիերան (ասպարէզը-Թ․) առաջ տանել, այսինքն՝ կան այնպիսի ընկերութիւններ, որտեղ աշխատելը ոչնչով չի զիջում դրսում աշխատելուց։ Իսկ ցանկութեան առումով՝ նախ եւ առաջ Հայաստանում ապրելու ցանկութիւնն է որոշիչ դեր խաղում, եթէ այլ ոլորտի մասնագէտ լինէի, գուցէ այլ կերպ պատասխանէի։

ՍՍ- Հայաստան ապրիլը ի՞նչ առաւելութիւններ կու տայ ձեզի։

ՆԾ- Այստեղ ապրելը հաճելի է։ Եթէ չես ապրել, դժուար է բացատրելը։ Կեանքի ոճն ու մշակոյթը ինձ համար աւելի հաճելի են, քան՝ Թորոնթոն կամ Հիւսիսային Ամերիկայի այլ քաղաքներ։ Այստեղ քաղաքի փոքր լինելը նպաստում է՝ աւելի յաճախ տեսնես ընկերներիդ, բարեկամներիդ։ Ընկերային կեանքը շատ աւելի աշխոյժ եւ հաճելի է, օրինակ՝ տասը օր առաջ պէտք չունես ծրագրաւորել հանդիպումներդ։ Հենց Հայաստանում լինելը, որպէս հայ, հաճելի բան է։ Մեր՝ սփիռքահայերիս համար դրսում հայ լինելը ինչ որ չափով part time (կէս դրոյք) աշխատանք է, անընդհատ մտածում ես ինչպէս քո հայ լինելդ եւ ինքնութիւնդ պահես, այստեղ նման խնդիրներ, բնականաբար, չկան։ Եթէ սփիւռքում աշխոյժ անդամ ես եղել համայնքիդ, կարծում եմ դա շատ մեծ փոփոխութիւն է, գոնէ ինձ համար։ Անընդհատ ժամանակդ չես լրացնում հայ լինելով։ Հոս ուղղակի հայ ես։

ՍՍ- Սփիւռքահայ երիտասարդները ինչպէ՞ս կրնան իրենց ներդրումը ունենալ Հայաստան պետութեան։ Ձեր փորձէն մեկնած՝ ի՞նչ խորհուրդներ կու տաք։

ՆԾ- Նախ եւ առաջ բոլորին խորհուրդ կը տամ՝ յաճախ այցելել Հայաստան։ Գան ոչ որպէս զբօսաշրջիկ, այլ՝ գան ծանօթանան իրենց ոլորտի մարդկանց հետ, հասկանան իրական խնդիրները Հայաստանում, ինչ նախագծեր, նախաձեռնութիւններ կան, որոնք փորձում են այդ խնդիրներին լուծումներ տալ։ Լաւ կապեր ստեղծեն այստեղ բնակուող հայերի հետ եւ փորձեն համագործակցել նրանց հետ։ Հայաստանում դա անելը չափազանց հեշտ է․ այդ առումով Հայաստանը շատ բաց է, ցանկացած մարդու կարող ես գրել, ցանկութիւն յայտնել հանդիպելու, քննարկելու ինչ որ խնդիր։

Իմ փորձը ցոյց է տուել, որ յաճախ մարդիկ պատրաստ են առնուազն մի անգամ հանդիպել, շփուել։ Օրինակ՝ մի հարթակ կայ, որ կոչւում է reArmenia, որ համագործակցութեան միջոցով տարբեր նախաձեռնութիւններ եւ գումարներ են հաւաքւում եւ նպաստում տարբեր նախագծերի իրականացմանը։ Դա կոչւում է expert community․ այն ոլորտում որ դու մասնագէտ ես, կարող ես գրանցուել եւ օրինակ՝ շաբաթական հինգ ժամ ինչ ոչ նախագծերի համար խորհուրդ տալ։ Դա կարող է մի քայլ լինել, որի միջոցով սփիւռքահայերը կարող են իրենց փորձով կիսուել եւ փոքր ներդրում ունենալ Հայաստանում։ Երեւի ամենալաւն է սկսելու համար։ Կարող են գալ նաեւ ինչ որ բանով օգտակար լինելու մտածելակերպով ՝ համագործակցելով տեղացի գործ անողների հետ։

Նաեւ խորհուրդ կը տամ, երբ Հայաստան գան, չսահմանափակուեն Երեւանով։ Հայաստանը Երեւանի սահմաններով չի աւարտւում։ Բաւականին հարուստ երկիր ունենք։ Ամէն քաղաք, ամէն գիւղ այցելելը լրիւ միմիանցից տարբերուող երեւոյթ է։ Նաեւ խորհուրդ կը տամ, նրանք որ գալիս են Birthright-ով, կամ հեռահար են աշխատում, անպայման մարզեր էլ ապրեն։ Ինձ համար դա ամենալաւ փորձառութիւներից էր։

Առաջին չորս ամիսը Գիւմրիում եմ ապրել, յետոյ վեց ամիս Կապանում, մի ամիս՝ Գորիսում։ Հայաստանին ամենամօտիկը այդ ժամանակ եմ զգացել։ Մարզերը լրիւ ուրիշ են Երեւանից, կարծում եմ այդ իրականութեանը եւ մշակոյթին ծանօթանալը արժէքաւոր բան է։ Հենց այնպէս որ Երեւանում մարդկանց կարող ես գտնել քո մասնագիտական ոլորտում, նոյնը մարզերում էլ կարող ես։ Էլի reArmenia-ի միջոցով կարելի է ծանօթանալ մարզերում իրականացուող նախագծերին եւ դրանց մաս կազմել։

Եթէ Հայաստան գալիս ես պէտք է ռէալիստ (իրատեսական—Թ․) լինես, պէտք է Հայաստանի նկատմամբ չափազանցուած պատկերացումներով չգալ։ Հայաստանը այն է, ինչ կայ ու հնարաւորութիւն ունի փոխուելու, բայց երկրներն ու պետութիւնները արագ չեն փոխւում։ Դա ինչ որ առումով նաեւ հնարաւորութիւն է, որ դու քո բաժին ներդրումը ունենաս այդ փոփոխութեան մէջ։ Եթէ այդ առումով նայես հայրենադարձութեանը, ինձ թւում է աւելի քիչ կը յուսահատուես կամ կը հիասթափուես։

Ինձ համար մէկ այլ ցաւալի երեւոյթ էլ կայ, որ սփիւռքահայերը եւ հայրենադարձները իրենք իրենց համար համայնք են ստեղծում Հայաստանում։ Դրսում համայնքում էին ապրում, Հայաստանում էլ նոյն ձեւի են ապրում: Եթէ եկել ես Հայաստանում ապրելու, պիտի ինդեգրուես (համարկուիս-Թ․) հայաստանեան հասարակութեան մէջ։

ՍՍ- Իսկ Հայաստանի ներկայ իրավիճակը ձեզ կը յուսահատեցնէ՞։

ՆԾ- Միանշանակ, հնարաւոր չէ չյուսահատուել, բայց ես բախտաւոր եմ այն առումով, որ իմ շրջապատում կան շատ մարդիկ, որոնք ռէալ (իրական-Թ․) գործ անողներ են եւ այնպիսի նախագծերով են զբաղւում, որով ինչ որ չափով ներդրում են ունենում երկրի զարգացմանը: Դա չի նշանակում, որ խնդիրները լուրջ չեն, կամ վտանգը այնքան լուրջ չէ, բայց երբ իրենց աշխատանքը տեսնում եմ, առնուազն մի քիչ յոյս եմ ստանում։ Երբ տեսնում ես գործ են անում, ինքդ քեզ թոյլ չես տալիս մտածել, թէ ես պէտք է յանձնուեմ, կամ լքեմ երկիրը։

ՍՍ- Ի՞նչ կը կարծէք, սփիւռք-Հայաստան համագործակցութեան ինչպիսի՞ ուղիներ կան ներկայիս։

ՆԾ- Իմ կարիքով ՏՏ ոլորտը սփիւռք-Հայասատան համագործակցութեան լաւագոյն օրինակներից մէկն է: ՏՏ ոլորտը սփիւռքի շնորհիւ չի հիմնադրուել, բայց սփիւռքում կային մի խումբ ՏՏ ոլորտի մասնագէտներ, որոնք նախ իրենք են կազմակերպուել HyeTech անունով եւ ցանկացել են ինչ որ ներդրում ունենալ Հայաստանում։ Իրենց փորձով անընդհատ կիսուել են հայկական ընկերութիւնների, Հայաստանի մասնագէտների հետ, ինչպէս նաեւ Սիլիկոնեան հովտից այդ մշակոյթը բերել են Հայաստան, ինչը կարծում եմ շատ-շատ օգտակար է եղել։ Իսկ 1990-ականներուն էլ Armenian High Tech Council անունով մի կազմակերպութիւն է եղել, որ նոյնպէս եկել է Հայաստան եւ նպաստել՝ օտար ընկերութիւնները գրասենեակներ բացեն Հայաստանում։ Այդ բոլորը շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մէջ։ Ու այստեղի մասնագէտների հետ միաժամանակ աշխատելը նպաստել է ՏՏ համայնքն ու ոլորտը աճեցնելու ու զարգացնելու այն մակարդակի, որ հիմա տեսնում ենք ու դա շարունակւում է։ ՏՏ ոլորտը այն օրինակներից է, որ եթէ դրսի հետ կապ չունես, չես կարող զարգանալ։ Այդ առումով ոչ միայն փորձի փոխանակում է, այլ նաեւ կապերի ստեղծում է։ Այդ network-ը` ցանցը, ունենալը չափազանց օգտակար եւ կարեւոր բան է, եւ ՏՏ ոլորտը կարողացել է դա արդիւնաւէտ օգտագործել եւ կիրառել։ Ինձ համար դա բացայայտում էր, որ այդքան արդիւնաւէտ համագործակցութիւն կարելի է ունենալ սփիւռքի եւ Հայաստանի միջեւ։

Այն համագործակցութիւնները, որոնք յաճախ ենք տեսնում, աւելի բարեգործական են, որոնք նոյնպէս լաւ են, բայց ոլորտներ զարգացնելու առումով բաւարար չեն։ Այս օրինակը ցոյց է տալիս, որ նման համագործակցութիւնը բաւականին արդիւնաւէտ է աշխատել ու ինչքան դա քաջալերենք, աւելի լաւ կը լինի։ Նոյնիսկ այս օրինակի պատմութիւնը սփիւռքին ծանօթացնելը մտածելակերպ կարող է փոխել։

Երբ մտածում ենք համագործակցութեան մասին նաեւ մենք սփիւռքահայերս մի խնդիր ունենք, որ դժուարանում ենք Հայաստանը դիտարկել որպէս պետութիւն, յաճախ Հայաստանին նայում ենք որպէս համայնք եւ մեր սպասելիքները համայնքային մակարդակի վրայ են։ Պետութեան խնդիրներ լուծելը համայնքի խնդիրներ լուծելուց շատ է տարբերւում, այսինքն՝ պետական մտածելակերպ է պէտք։ Նկատի ունեմ տնտեսութիւն զարգացնելը շատ է տարբերւում եկեղեցի հիմնելուց։ Մեր մտածելակերպը պիտի ըլլայ պետութիւն զարգացնելը։ Խօսքս ուղղուած է աւելի համայնքների ղեկավարներին. երբ մտածում են սփիւռք-Հայաստան համագործակցութեան մասին, այդ մակարդակի պէտք է դարձնեն շփումները։ ֎

Թորոնթոհայ Նժդեհ Ծատուրեանը իր փորձը կը փոխանցէ հայրենի երիտասարդ լրագրողներուն (լուսանկար՝ Formula VC

Սալբի Սաղտըճեան

Ծնած է Սուրիա, Քեսապ, այժմ կը բնակի Հայաստան։ Մասնագիտութեամբ պատմաբան է։ Թղթակցած է «Ազդակ»-ին, «Գանձասար»-ին, աշխատած «Թերթ» եւ «Եռագոյն» կայքերուն մէջ։ 2017-էն ի վեր մաս մը կազմէ «Թորոնթոհայ» թերթի խմբագրական կազմին։ Գրութիւնները նուիրուած են հայաստանեան իրականութեան եւ առաւելաբար Արցախին եւ արցախահայութեան խնդիրներուն։

Previous
Previous

«Պուրակ» հարթակը՝ արեւմտահայերէնով գիտելիքներու եւ նիւթերու շտեմարան

Next
Next

Օնթարիոյի գանատահայ բժշկական ընկերակցութիւնը՝ 35 տարեկան. պատմական ակնարկ